Հինգերորդ դարում Մեսրոպ Մաշտոցի ստեղծած հայոց այբուբենը չի ունեցել փոքրատառեր՝ միայն մեծատառեր։ Փոքրատառերը ստեղծվել են մոտավորապես 10-12րդ դարերում։
Մեզ հասած բոլոր հնադարյան մատենագրությունների մեջ «եվ» հնչյունները արտահայտելու համար փոքրատառերով գրելիս միշտ օգտագործվել է «և»։ Փոքրատառերով գրելիս «ե ւ» գրում էին միայն «յո», «յու» հնչյունը արտահայտելու համար։ Օրինակ՝ եւղ (յուղ), հարեւր (հարյուր), եւթ (յոթ), յերկեւղ (երկյուղ):
Համոզվելու համար կարող եք գնալ Մատենադարան և մանրամասն ուսումնասիրել հին հայկական մատետանգրությունները, կամ կարող եք դիտել այս հին հայկական մատենագրությունները և գրքերը որոնք գտա Համացանցում՝
- 1286 թվականին գրած մի էջ Աստվածաշնչից։ Նույն կայքում կան բազմաթիվ այլ մատենագրությունների նկարներ։
- 1512 թվականին տպագրված առաջին հայերեն գիրքը՝ Ուրբաթագիրքը։
- 1666 թվականին առաջին հայերեն տպագրված Աստվածաշունչը։
2 comments:
Եւ-ը, անկախ միացած կամ անջատ գրելու հարցէն,որուն պիտի անդրադառնամ, էապէս անպատեհ է ուրոյն տառ նկատելու արևելահայերու ներկայ սկզբունքը. ան բացարձակապէս համարժէք չէ մեսրոպեան միւս տառերուն, և ըսելու ալ պէտք չկայ, թէ Մեսրոպ զայն իբրև ուրույն տառ չէ հնարած: Ան պարզ ու մեկին ew շաղկապն է, որ օրին կազմուած էր երկու անջատ հնչիւններէ ու համապատասխան տառերէ և որը ժամանակի ընթացքին սկսաւ արտասանուիլ yew: Նախախորհրդային շրջանին ան մեր այբուբեններուն մէջ կը մտնէր Օ և Ֆ տառերէն առաջ պարզապէս իբրև համադասական շաղկապ, որ կը ծառայէր կապելու մեսրոպեան 36 տառերն ու մնացեալ երկու փոխառութիւնները, այլ խօսքով՝ ան իբրև միւսներուն համազօր տառ չէր մեր այբուբենին մէջ: Արևւտահաերս մինչև հիմա ալ այս տրամաբանութեամբ կը մօտենանք և-ին:
Անգամ մը որ արևելահայերդ ևս ընդունիք այս սկզբունքը և զայն նկատէք երկտառ շաղկապ մը, ըսենք՝ բառ մը, անկէ անդին բնաւ նշանակութիւն չունի, թէ և գրեր ենք թէ եւ, այսինքն՝ միացած կամ անջատ: Կարևորը մեր ընկալումն է:
Իմ կարծիքովս շատ աւելի կոկիկ է և ձևը, այսինքն՝ միացած, որը տողադարձի ատեն բնական է կը տրոհուի բաղադրիչ մասերուն, օրինակ՝ բարե-ւի, արե-ւի և այլն: Իսկ թէ մէկն ալ ասոնք անջատ կը գրէ՝ այնքան ալ նշանակութիւն չունի:
Արմենակ Եղիայեան
17 օգոստոսի 2009
Լիբանան
Հարգելի Արմենակ,
Ես իհարկե համաձայն եմ ձեր հետ որ Մեսրոպ Մաշտոցը «և»-ը որպես առանձին տառ չի ստեղծել։ «և»-ը դառել է առանձին տառ խորհրդային տարիներին։
Բացի նրանից որ խորհրդային ուղղարգրության մեջ «և»-ը համարվում է առաձին տառ, նաև կան այլ փոփոխություններ՝
1. տողադարծ անելիս «և»-ը դառնում է «եվ»։ Օրինակ՝ բարե-վի, արե-վի
2. Մեծատառերով գրելիս «և»-ը դառնում է «ԵՎ» Օրինակ՝ Երևան -> ԵՐԵՎԱՆ
Դասական ուղղագրության մեջ (հա՛մ արևելահայերեն, հա՛մ արևմտահայերեն հա՛մ գրաբար) փոքրատառերով գրելիս գրվում է «Երևան», մեծատառերով՝ «ԵՐԵՒԱՆ»։ Օրինակ այս նկարում հանդիպում է «Երևան» բառը «և» ձևով։
Իմ այս գրառման հիմնական իմաստը նա է որ կան շատ մարդիկ, հա՛մ Հայաստանում, հա՛մ Հայաստանից դուրս, ովքեր «Երևան»-ը գրում են որպես «Երեւան» կարծելով որ դա ավելի «ճիշտ», ու ավելի «հին» ձև է։ Սակայն, ես երբեք ոչ մի հին գրության մեջ «Երեւան» փոքրատառ գրություն չեմ հանդիպել, առաջին անգամ այդպիսի ուղղագրություն հանդիպել եմ 19-րդ դարում։ Այսինքն դա նորամուծություն է։ Սա է իմ գրառման հիմնական իմաստը։
Post a Comment